Back to Document Groups
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Երբեք էլ ուշ չէ
Ես զանգահարեցի նրան հենց աշխատավայրից.
-Ինչպե՞ս ես, տղա՛ս:
-Լավ, հայրի՛կ:
Հետո մենք մի քանի խոսք ևս փոխանակեցինք:
-Տղա՛ս, այսօր շատ լավ էիր մաքրել բակը, սենյակդ էլ կարգին վիճակում էր: Նա լռեց. Ես պահանջ էի զգում էլի ինչ որ բան ավելացնել…
-Հա, մի բան էլ, ես տխրում եմ առանց քեզ:
-Հայրի՛կ, քեզ ինչ- որ բա՞ն է պետք ինձնից,- հանկարծ հարցրեց նա:
Ես շիկնեցի և ամոթից չգիտեի ինչ ասել: Լավ էր, որ նա չէր կարող նայել աչքերիս:
-Ո՛չ, տղա՛ս,-ասացի,-ինձ ոչինչ էլ պետք չէ, ես պարզապես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ այսպիսի զավակ է պարգևել, ի՜նչ դժվարությամբ էի արտաբերում բառերը:
-Հայրի՛կ, ես սովոր չեմ այսպիսի խոսքերի և մի տեսակ շփոթվեցի:
-Ես էլ, տղա՛ս:
Դեռ երկար փորձում էի հասկանալ ինձ համակած զգացումները: Հետո հիշեցի, թե ինչպես ամբողջ օրերով ժամանակ չէի գտնում` նրա հետ զրուցելու համար: Հարյուրավոր մեծ ու փոքր հոգսեր, տարբեր խնդիրներ ուղղակի կլանում էին իմ ժամանակը: Ես միայն խոսում էի վատ գնահատականների, պատռված շորերի կամ այլ քննադատական առիթներով: Իսկ տղաս արդեն մեծանում էր…
Ժամանակը չի կանգնում: Նրա հետ անցնում են մեր հետաձգած գովասանքները, սիրո չասված խոսքերը և չկայացած համբույրները: Իսկ երեխաները սպասում են. Նրանք համբերության անսպառ պաշար ունեն: Սակայն կգա պահը, որ նրանք կհոգնեն սպասելուց, կմտածեն, որ իրենք անարժան են, որ իրենց չեն սիրում: Միգուցե նրանք այլ մարդկանց մոտ սկսեն դրսևորել իրենց զգացմունքները, անարժան մարդկանց… Կգա օրը, երբ նրանք կհեռանան տնից… վիրավորված, խեղված արժանապատվությամբ:
Երեխաները միշտ կարիք ունեն խրախուսման, սատարման և սիրո, ինքնահաստատման: Ծնողական հուսալի և խաղաղ նավահանգստում է տեղի ունենում փոքրիկ մարդու աճն ու զարգացումը, հասունացումը և կայացումը: Մեր երեխաները միայն մեկ մանկություն ունեն. Դրանք պետք է լցված լինեն երջանիկ հիշողություններով: Մեզ մեկ անգամ է հնարավորություն տրում կյանք մտցնել փոքրիկ և անպաշտպան էակին: Մանկական հրաշալի հիշողությունները մի օր պոռթկում են անզուսպ ուժով: Նրանք վերակենդանանում են որպես անկրկնելի և գեղեցիկ փոքրիկ պատմություններ, եթե միայն մթագնված չեն անուշադրության, անտարբերության և կոպիտ վերաբերմունքի շղարշով: Սիրեք նրան, գրկեք և սիրո խոսքեր ասացեք: Կարևոր չէ, թե քանի տարեկան է նա: Երբեք էլ ուշ չէ ծնողական համբույրներով պարգևատրելու նրան: Ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին կա իրականում` իր թույլ և ուժեղ կողմերով,
բնավորության առանձնահատկություններով: Եթե նա բարդ բնավորություն ունի, առավել ևս արժանի է ձեր ըմբռնողությանը: Աստված միանման ռոբոտներ չի ստեղծում, Նա սիրում է անհատականությունը և խառնվածքային յուրատեսակ գծերով է օժտում յուրաքանչյուրին: Ահա թե ինչու փոքրիկ մարդը միշտ պետք է իմանա, որ իրեն սիրում են, ընդունում և սպասում:
Եվ նա պետք է վստահ լինի դրանում:
There are no documents to display at this time.